Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ժիրայր Սէֆիլյանն իջնում է Արարատից

Ժիրայր Սէֆիլյանն իջնում է Արարատից
10.06.2008 | 00:00

«Մեր պայքարը տվել է իր արդյունքը. իշխանափոխությունը մեծ մասամբ կատարված է», -երեկ վաղ առավոտյան հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո։

Լիբանանի քաղաքացի Սէֆիլյանն ազատազրկվել էր մեկուկես տարի առաջ՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Հիշեցնենք՝ «ապօրինի» զենքը նրան տրամադրել էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար։

Գիտեմ մեր նախանձ բնավորությունը. ճրագով կճարվեն ու կասեն՝ Ժիրայրն էդ ո՞վ եղավ, որ իջնում է Արարատից կամ՝ էդ ե՞րբ էր բարձրացել, ինչո՞ւ էր բարձրացել, որ հիմա էլ իջնում է։ Մեղավորը ես եմ, ավելի ճիշտ՝ պապենական բնավորությունս. Աստծո ամեն առավոտ նայում եմ վերև, նայում եմ Արարատին, որ զգամ՝ ի՞նչ օր է բացվում, ինչպիսի՞ օր կլինի։ Երկար նայեցի պատուհանից, մեկ էլ զգացի, որ իջնող կա։ Նայե՜մ, նայեմ, տեսնեմ մեր Ժիրոն, Շուշիի Ժիրայր Սէֆիլյանը, մեր զինվորը, մեր հերոսը, հրամանատարը, ինքն իրեն խառնված, Արարատի առավոտի միջով իջնում է։ Գուցե Նոյ Նահապետի վերջին ժառանգն է ու՝ իջնում է։ Զարմացած նորից նայեցի՝ հիմա էլ բարձրանում է։ Ժիրայրն է՝ ինչո՞ւ է իջնում, ինչո՞ւ է բարձրանում։

Չուշանամ, աչքերս շաղելով, դեռ մուժից ու երազից չբաժանված, հասա Կոմիտասի արձանի մոտ. Ժիրայրին դիմավորողները պիտի հավաքվեն կոնսերվատորիայի մոտ։

Արարատը լավ օր խոստացավ, երգի հովվի արձանը լավ օր խոստացավ, էս փոքրիկ աղջնակի աչքերից չէ, մատ ու բռունցքից լույսի փնջեր են ցոլանում. «Փոքրիկ բռունցքներ», «Հատուկ գունդ», «Հայոց կանանց շարժում», ամենահաս Զարուհի Փոստանջյան՝ իր երեք լուսերեսիկների հետ... Էսպես կամաց-կամաց կբարձրանանք ու կհասնենք անդադրում Երվանդ Մանարյանին... Ժողովուրդը, ասես խմորվում է օրվա խորհրդով. խորհուրդը Ժիրայր Սէֆիլյանն է. էնպես լցված ենք, որ թվում է՝ Ժիրայր Սէֆիլյանին հասնելու, տեսնելու, շունչը զգալու համար կամ պիտի Արագած բարձրանանք, կամ Արարատ։ Տերը մեզ զորություն է հաղորդում, մեր աղոթքն ենք հենց մեր ներսում հղում առ տեր Աստված ու շարժվում դեպի Վարդաշենի ¥Վարդաշենն էլ չակերտների մեջ¤ քրեակատարողական հիմնարկ... Երբ որ բացվին դռներն հուսո... Հույսի դռները տարիուկես հետո, տարին ամիսների վերածենք, ամիսները՝ ժամերի, ժամերը՝ րոպեների, րոպեները՝ վայրկյանների, վայրկյանները՝ ակնթարթների, հյուլեների... Ի՜նչ թանկ մարդ է Բեյրութի Ժիրայրը, Շուշիի Ժիրոն, Հայության, մեր պատմության Ժիրայր Սէֆիլյանը... Բազմության մեջ ես որոնում եմ հերոս Ժիրայրի հերոսական կնոջը՝ Նանօրին, Ժիրայրի համար, տղոց համար քանի՜ անգամ Երևան եկած Թորոս մեր եղբորը... Աղջիկներ չեն, կանայք չեն, մայրեր չեն, հարսներ չեն - հուզմունքի հզոր ալիք է բարձրանում, իսկ մենք ձեններս գլուխներս ենք գցել, թե ծով չունենք։ Մի՞թե ծով չէ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը։ Սրտնեղում եմ, երբ ամեն անգամ թերթերում, զանգվածային լրատվամիջոցներով խնամքով շեշտում են նրա առաջին կարգի հաշմանդամ լինելը։ Երանի պիտի լիներ մեզ, եթե նրա նման մի առողջ մտածող ունենայինք մեր ոչ բարի ժամանակների վերևներում։ Հայերենի հոլովների քչությունը էստեղ զգացվում է։ Բայց չի զգացվում սիրո քչությունը։ Ինչո՞ւ եմ մտածում՝ Հովհաննես Թումանյանը, Նժդեհը, Անդրանիկ Զորավարը էստեղ լինեին, համբուրեին իրենց զավակին։ Արարատի առավոտվա լանջվառ տեսիլքը հիմա էլ երևում է էստեղ. Ժիրայր Սէֆիլյանը դուրս է գալիս ոչ թե պատժախցից, այլ Քուռկիկ Ջալալու և իր Փոքր Մհերի քարայրից։ Սա ի՞նչ է - առավոտյան երևաց որպես Նոյի զավակ, իսկ հիմա մհերացած ¥Փոքր Մհեր-խմբ.¤... Եկավ, թիկունք-եղբայր Թորոսը շունչը փչեց եղբոր ծոծրակին ու... եկավ, եկավ, մեր Ժիրոն եկավ։ Վա՜յ, մեկը մեր բախտի ճակատին թարս քացի է տվել, բա երկիրն իր հերոսին, Շուշիի ազատարարին դաժանորեն ձերբակալում ու երկա՞թ է հալում նրա կրծքին, որ ի՞նչ պարզի։ Ի՞նչ կասես, Արցախի, Շուշիի ու Ժիրայր Սէֆիլյանի ճակատագրով բոցկլտուն ու մարմրող-պեծպեծող ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կին՝ տիկին Գրիզելդա, սիրելի աղջնակ Գայանե՝ մարտի մեկին ոտնատակված ու արյան մեջ մայրիկի մասին մտածող աղջնակ։ Մայրիկի գլխին, ինչպես ասում են՝ ութ կար դրին, բայց ձեր հոգսը մնաց Ժիրայրը, հոգսը մնացին Վարդան Մալխասյանը, նրանք, որ մարտի մեկին դարձան... քաղբանտարկյալ... Եվ հիմա գալիս է Ժիրայրը՝ Նոյի աղավնին ձեռքին։ Բաց է թողնում։ Մի պատանի նոր աղավնի է մեկնում ազատության շեփորահարին։ Աղավնին սավառնում է։ Հերոսի վերադարձը։ ՈՒրիշ բառ չկա։ Հանդիպում են կապանքներից ազատագրված Ժիրայր Սէֆիլյանը և ամեն մեկի հոգում ճախրող Ժիրայր Սէֆիլյանը։ Տիգրան Խզմալյանը եռագույնով փաթաթում-օծում է պարմանուհիներին։ Էստեղ նորից զգացի, որ բառերն անզոր պիտի լինեն արտահայտելու էն ապրումները, որ ծովացան բոլորիս աչքի առջև։ Ես տեսել եմ Ժիրայրի մորը՝ տիկին Հռիփսիմեին, որ եկել ու գրկել էր իր թոռանը՝ Վահագնին... Հունվարի ինն էր, Խորեն Պալյանը պատարագեց։ Պահը հուշերի աղբյուր է պարգևում։

Ժիրայր Սէֆիլյանը, գիտեմ, դժվարությամբ է հրաժեշտ տվել մարտական ընկերոջը՝ քաջազն Վարդան Մալխասյանին, մյուսներին... Լուսաբացների արդար բուրմունք է լինելու։ Ժիրայրը Երևանում, Հայաստանում, Արցախում, Շուշիում, աշխարհում ամեն տեղ հարազատ տներ շատ ունի։ Ամենաթանկը Եռաբլուրն է, ուր հանգչում են նաև նրա մարտական ընկերները, ուր եկեղեցու մոտ հացադուլի են նստել ազատամարտիկները՝ հանուն արդարության...

ՈՒմ էլ ականջդ պարզես՝ խոսք է, հոգին խորոված խոսք։ Ես նայում եմ Ալեքին, այո, քաջալեր Ալեք Ենիգոմշյանին ¥ԱՍԱԼԱ-ի Ալեք-խմբ.¤։

-Ալեք, եղբայր, ես իրավունք ունե՞մ արդյոք գրելու՝ Ժիրայր Սէֆիլյանը մեր հաղթանակների քերականն է, հայորդի, որը հարստացրեց մեր հաղթանակների քնարական ու հերոսական լեզուն։

-Ինչո՞ւ չէ, ինչո՞ւ չէ... Ավելի իրավ, ոչ միայն լեզուն հարստացրեց։ Մեր լեզուն շատ է ճոխ ու հարուստ, այլ հարստացրեց մեր սիրտը...

-Սիրտը որ ասում ենք, հոգին էլ ասենք։

-Ոչ միայն մեր սիրտն ու հոգին, այլ միտքը հարստացրեց մեր հրաշք Ժիրոն։

Առավոտ շուտ Ժիրայրին տեսել եմ մեր պատուհանից։ Նա իջնում էր Արարատից։ Բայց իջնո՞ւմ էր, թե՞ բարձրանում, հիմա խառնում եմ։

Շուշին է ծնել իր հերոսներին, իր Ժիրայրին։ Պահենք, հոգով, սրտով, լեզվով, մտքով պահենք մեր Ժիրայրին ու մեր Շուշիին։

Մեծ նավարկությունից առաջ փոքրիկ դադար է հարկավոր։ Այդ դադարը ինքն իրեն պարգևեց բարի ու վեհանձն, մեր ոսկեդարի ու մեր դարի հերոս զավակ Ժիրայր Սէֆիլյանը։ Այսպես պետք է ապրի ու պայքարի Հայաստանի ամեն մի քաղաքացի։ ՈՒ երանի էն օրը, որ Ժիրայր Սէֆիլյանն իր զորավոր ձեռքով Հայաստանի քաղաքացիություն կշնորհի նրանց, ովքեր քարտեզի վրա ծածանելու են մեր եռագույնը։

Սիրտս խնդությունից ճխում է... Թող որ Ժիրայրի նման զավակ ամեն ազգ էլ ունենա, որ հասկանան, թե մենք՝ պարզ հասարակ հայերս, ինչպես ենք պաշտում մեր ազատատենչ զավակին։ Ժիրայր Սէֆիլյանն իջնելով բարձրանում է Արարատ։ Մեր արարատվելու ժամն է։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Դիտվել է՝ 13732

Մեկնաբանություններ